Որոնում

Թեժ գիծ

116

Մի մեծ իդեալիստ գրել է, որ մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով: Հետո հազարավորները ցինիզմով ու խորաթափանցությամբ քննադատել են ասվածը: Ոմանք էլ ոչ պակաս ջանասիրությամբ փորձել են իրականություն դարձնել այն: Պարադոքս է, սակայն, եւ վերջիններս` իրենց վճռական հավատով, եւ նրանք, ովքեր անխնա քննադատում էին, նպաստեցին, որ այս գաղափարը թեպետ դանդաղորեն, բայց ամրանա մարդկանց եւ ժողովուրդների գիտակցության մեջ:

Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի:

Բայց որպես լավատես` ես հավատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»:

Եվ վերջապես որպես հումանիստ` ես լրիվ համաձայն եմ մեկ այլ իդեալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու ավելի լավը դարձնել այն, բայց եւ ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»:

Իմ գործունեության մեջ ես առաջնորդվելու եմ հետևյալ սկզբունքով. դոմինանտը ոչ թե գործն է որպես արդյունք, այլ գործի հետեւում կանգնած կոնկրետ մարդը, որովհետեւ առանձին մարդկանց հաղթանակների գումարը հաճախ ավելին է, քան բոլորի միջև բաժանված մեկ հաղթանակը:

Շնորհակալ եմ նրանց, ում իմ ընտրվելն անտարբեր չթողեց: Նրանց, ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տվեցին ևս մեկ անգամ վերլուծել անցյալի իմ արարքները եւ եզրակացություններ անել ապագայի համար: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հավատս իմ նկատմամբ եւ ցանկությունը` լինել առավելագույնս արդյունավետ իմ այս պաշտոնում:

 

Կարեն Անդրեասյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ծնվել է 1977 թվականին:

 

1994 – 2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի Համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

 

1997-2000 թվականներին աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում` Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:

 

2001-2007 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

 

2001-2003 թվականներին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/: Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

 

2003 թվականին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

 

2003-2004 թվականներին որպես միջազգային փորձագետ և խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:

 

2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն:

 

2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

 

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր:

 

2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011թ. մարտի 3-ից: